ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, վերջիններիս մակարդակը հետևողականորեն բարձրացնելը, Հայաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար նպաստավոր միջավայր ձևավորելն է։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը կրող ամենամյա հավաքի ժամանակ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս ամենի իրականացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումներն ու մոտեցումները աշխարհի համար լինեն առավել տեսանելի ու լսելի։
«Այս համատեքստում ձևավորում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը։ Այն է բարձրացնել ՀՀ սուբիեկտայնությունը, հեղինակությունը միջազգային հարաբերություններում և դրա լուծման համար Հայաստանն ունի բոլոր միջոցները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ այցեքարտը և ՀՀ խնդիրն է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, քանի որ այն հիմնված է ժողովրդի գիտակցության, կամքի և ձգտումների վրա։
Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման հաջորդ սկզբունքը համահայկականությունն է։
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական բարդույթերից մեկը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է և դա դրսևորվում է արտաքին ու ներքին մի շարք հարթակներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փոքր պետության և փոքր ազգի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և դրա հաղթահարման հիմնական ուղին այն է , որ որ ՀՀ դեսպանները հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան որպես համահայկականության ներկայացուցիչ։
Միջազգային հարթակներում Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման հիմնական ուղիներից պիտի լինի ՀՀ դեսպանությունների և տեղի հայ համայքի հարաբերությունների կառուցումն գաղափարախոսությունների շրջանակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






