Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր կարևոր առաքելության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում գործընկերներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Զոհրաբ Մնացականյանն ու Քրիստոֆեր Պինչերն որպես երկու երկրների համագործակցության հիմնական ուղղություն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






