Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին։
Մասիս Մայիլյանն ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհավորել Մարտին Զոնեբորնին՝ Եվրոպական խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները պատեհ առիթ են ընձեռում՝ Արցախն ավելի խոր և համակողմանի ճանաչելու, ծանոթանալու երկրում առկա իրողություններին և նոր ձեռքբերումներին, ինչպես նաև ընդլայնելու Արցախի բարեկամների շրջանակը և ստեղծելու նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։
Մարտին Զոնեբորնի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններով ձեռք բերված արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախ-ԵՄ հարաբերություններին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների շահագրգռվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների բարձրացման և մարդասիրական տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կազմի նորացումը՝ ընդգծելով նրա առանցքային դերակատարությունը Եվրախորհրդարանում՝ Արցախի մասին հավաստի տեղեկատվության տարածման և հանրապետության շահերի խթանման գործում։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը։
Հիշեցնենք, որ անցած տարի առաջին անգամ Արցախ այցելած Մարտին Զոնեբորնը խոստացել էր վերադառնալ ավելի մեծ խմբով և Ադրբեջանի «սև ցուցակը» հասցնել 1000-ի: Արցախ այցելած պատվիրակության կազմում ընդգրկված են դասախոսներ, լրագրողներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, քաղաքագետներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






