ՀՀ Կառավարությունը հետևողական է Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու հարցում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության համար այդ ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետությունը պետք է լինի ամենակարևոր պայմանը:
«Որոշումներ ընդունելիս պետք է գործնականում տեսնենք ինչ թերություններ են ի հայտ գալիս, որպեսզի շտկենք, լինի առավել արդյունավետ և՛ ծառայությունների պայմանների առումով, և՛ պետական բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետության իմաստով: Այնպես որ, համարձակ պետք է գնալ առաջ, լուծել խնդիրները, լուծումներից հետո վերադառնալ, համոզվել, որ մենք, իրոք, լուծել ենք խնդիրը, ոչ թե նոր խնդիրներ ենք առաջացրել»,-ասել է ՀՀ վարչապետը։
Կառավարության նիստում ընդունվեց զինծառայողների վարձակալած բնակարանների ծրագրի պայմանների բարելավման նախագիծը, մինչ այս արդեն իսկ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը: Գործադիրը 5 մլրդ դրամ է հատկացրել նաև զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






