Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 29-ին հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:Հանդիպման սկզբում կողմերն ամփոփեցին Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի հենասյուները լինելու են երիտասարդության համախմբումը, զբոսաշրջության խթանումը երեք երկրների միջև՝ տեղեկացվածության բարձրացման և կապերի հաստատման միջոցով: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոսում հայկական դպրոցներին առնչվող հարցեր։
Զարեհ Սինանյանը նաև ելույթ ունեցավ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում՝ նշելով, որ համաժողովի թեման՝ սփյուռքը, հարազատ ու մոտ է իր սրտին ու հայ ժողովրդի սրտին, այն ժողովրդին, որի համար սփյուռքն ու նրա կարևորությունը խորթ երևույթներ չեն։ Այդ ժողովուրդը պատմականորեն ապավինել է իր սփյուռքի աջակցությանը։
Ելույթից հետո համաժողովի մասնակիցները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






