ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնում ծրագրային հանդիպում-քննարկում են ունեցել ՀՀ մարզպետների հետ:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ողջույնի խոսքում Սուրեն Պապիկյանը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ բացառիկ իրադարձություն է որակել դիվանագիտական ապարատի և մարզային պատասխանատուների համատեղ հավաքը և նկատել, որ այն հիանալի հնարավորություն է ախտորոշել երկրի առջև ծառացած խնդիրներն ու փնտրել դրանք միասնական հաղթահարելու լուծումները:
Սուրեն Պապիկյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները և ընդգծել, որ մարզերի ու համայնքների հավասարաչափ զարգացում ունենալու նպատակով անհրաժեշտ է նախանշել ճիշտ թիրախներ և դրանց ուղղությամբ ճիշտ աշխատելաոճ:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԱԳՆ ապարատի գործունեությունը պետք է ծառայեցվի Հայաստանի ներքին օրակարգի, գերակայությունների, կառավարության ծրագրի լավագույնս իրականացմանը:
«Դեսպանաժողովը կազմակերպելիս մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ մեր աշխատանքի կիրառելիությունն առավել ուժեղացնենք մեր երկրի զարգացման օրակարգում, արտաքին ոլորտը, արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնենք մեր նպատակին»,- ամփոփել է Զոհրաբ Մնացականյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






