Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու՝ Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը:
Մանվել Գիրգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօրվա դատական նիստի ընթացքում նշեց, որ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի:
«Իմ պաշտպանյալը երեք տասնյակ հիվանդություն ունի, որոնք խոչընդոտում են մասնակցել քրեական գործով վարույթին, ինչի արդյունքում վարույթն իմաստազրկվում է: Նա արդեն հինգերորդ անգամ չի կարողանում դատական նիստին ներկայանալ: Պետք է նրան հնարավորություն տալ բուժում ստանալ իր նախընտրած բժիշկների մոտ: Հակառակ դեպքում՝ կխախտվի մարդու իրավունքների մի քանի կոնվենցիա»,- նշեց Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրվանք է առաջադրվել 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



