Միացյալ Նահանգները չի մեղմացնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չդադարի ստել և ահաբեկչություն տարածել: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հաղորդում է ТАСС-ը:
«Նրանք, ովքեր ասում էին, որ Ջիբրալթարի իշխանությունների կողմից բաց թողնված նավթակիրը՝ Adrian Darya 1-ը, չի գնում Սիրիա, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, որ ավելի կարևոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի արյունարբու ռեժիմին ֆինանսավորելը, քան սեփական ժողովրդի մասին հոգ տանելը: Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում, եթե չդադարի ստել և ահաբեկչություն տարածել»,- գրել է Բոլթոնը Twitter-ի իր էջում:
Ըստ Middle East Eye վեբ-պորտալի՝ հինգշաբթի Adrian Darya 1 նավթակիրը սիրիական նավահանգստում նավթ է բեռնաթափել:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանությունները կանգնեցրել են Պանամայի դրոշի ներքո նավարկող իրանական Grace 1 նավթակիրը՝ պատժամիջոցների ռեժիմի պայմաններում Սիրիա նավթ մատակարարելու կասկածանքով:
Օգոստոսի 15-ին նավը ազատ է արձակվել: Իրանի նավերի և ծովագնացության կազմակերպությունը հայտնել է, որ այն փոխել է իր անունը Adrian Darya 1-ի և ուղևորվում էր դեպի միջերկրածովյան նավահանգիստներից մեկը:
Adrian Darya 1-ը ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






