Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ Իրանի փորձագիտական և պետական շրջանակների կողմից կրկին բարձրացվում և օրակարգ է բերվում Հայաստան-Իրան եկաթուղու ստեղծման ծրագիրը։
«Այսպես, այս տարվա օգոստոսին Հարավային Կովկասի և Հայաստանի հարցերով Իրանում ամենաճանաչված փորձագետներից մեկը հանդես եկավ հրապարակային վերլուծությամբ, որի մեխը իրանական շահերի տեսանկյունից Հայաստան-Իրան երկաթուղու կարևորության ընդգծումն էր և դրան հետևած առաջարկը հենց Թեհրանի ջանքերով ստեղծելու այս ծրագրով զբաղվող Հայաստան-Իրան-Չինաստան եռակողմ հանձնաժողով»,-գրում է իրանագետը։
Վարդան Ոսկանյանը հավելում է, որ, իր կարծիքով պատահականություն չէ, որ արդեն սեպտեմբերի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործնական քայլերին նվիրված և նախագահականում անցկացված առանձին նիստի ընթացքում հատուկ շեշտել է Իրանի համար երկաթուղային և ծովային փոխադրումների ենթակառուցվածքների կատարելագործման և ընդլայնման կարևորությունը։
«Չգիտեմ, որքանով են Հայաստանի պատկան մարմինները որսացել այս ուղերձները կամ արդյոք ընդհանրապես տեղյա՞կ են դրանցից, բայց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է՝ ուշագրավորեն հենց իրանական կողմից եկող ազդակների միջոցով»,- նշում է նա։
Նշենք, որ «Հայաստան-Իրան երկաթուղին» երկաթուղային գծի ստեղծման դեռևս չիրագործված նախագիծ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






