ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի»,- ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի ողջ տարածքում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցել են 409 համայնքի ղեկավարի և 1394 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






