ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց օրինագիծը, որի համաձայն՝ ԴԱՀԿ-ն չի կարող մարտական հերթապահություն իրականացնող զինվորականից պարտքի դիմաց գանձել աշխատավարձի ավելի քան 30 %-ը։ Օրինագծի հեղինակն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Որոշումն ընդունվեց միաձայն` 108 կողմ ձայնով։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից չեն կարող գանձել աշխատավարձի կամ պարգևների 30%–ից ավելին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Դրա համար բավարար է ներկայացնել տեղեկանք զորամասից, որը պարտավոր են ներկայացնել երեք ամիսը մեկ։
Օրենքը հետադարձ ուժ չի ունենա ու կվերաբերի միայն այն դեպքերին, որոնք կգրանցվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
«Առաջարկում էի այնպես անել, որ գանձումը աշխատավարձի 10%–ից ավելին չլիներ։ Բայց կառավարության հետ բանակցությունների արդյունքում որոշեցինք սահմանել 30%–ի շեմը»,-նախորդ քննարկման ժամանակ ասել էր օրինագծի հեղինակներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Սերգեյ Բագրատյանի կարծիքով` օրենքը կթեթևացնի այն զինվորականների սոցիալական վիճակը, որոնք վարկեր են վերցնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






