Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։
Համաձայն ԶԼՄ-ների տարածած հաղոդագրության՝ զինծառայողն օրեր առաջ վթարի է ենթարկվել իր մոտոցիկլով։ Վթարից հետո նա չի դիմել բուժօգնության:
Ալեքսանդր Բաբուշկինը վատ ինքնազգացողության պատճառով սեպտեմբերի 10-ին աշխատանքից շուտ է տուն վերադարձել: Բաբուշկինի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է իր վարձակալած բնակարանում: Դիակի զննությունը ցույց է տվել, որ փայծաղի պատռվածքի պատճառով նրա մոտ սկսվել է ներքին արյունահոսություն:
Համաձայն Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրամանատարության տարածած հաղորդագրության՝ Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի՝ մահացած զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում են պատահածի հանգամանքները։
«102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Բաբուշկինը իր բնակության վայրում է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է և խնդրել է շտապօգնություն կանչել։ Ժամանած բժիշկները արձանագրել են մահվան փաստը, վերակենդանական գործողությունները արդյունք չեն տվել»,- ասվում է Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրամանատարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






