ՀՀ արտաքին գործների նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը։
Ճեպազրույցի սկզբում Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև ադրբեջանական մամուլում տարածված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցին։
ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Գեորգի Ծերեթելիի հետ։ Հանդիպման շրջանակներում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև այս հարցազրույցը։ Այս հարցին անդրադարձել է նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
«Գեորդի Ծերեթելին իր հարցազրուցում չի անդրադարձել և որևէ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին։ Ծերեթելին կարևորում է Արցախյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշել է Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանը նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով խմբագրել են այս հարցազրույցը և սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում են պաշտոնյաների հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։
«Այսպիսի գործելակերպը բնավ չի նպաստում հակամարտության լուսաբանման հարցում ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ արժանահավատության բարձրացմանը․ այդ ամենը պարզապես քարոզչություն է»,- նշեց Աննա Նաղդալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






