Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է ԱԺ կայքում։
Համաձայն նախագծի՝ առկա են Հրայր Թովմասյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վարույթին մասնակցելու անհնարինության հիմքեր:
Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է և դատարանի նկատմամբ վստահության ապահովումը:
«Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դարձնել Սահմանադական դատարանի քննության առարկա»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:
Կից ներկայացվել է նաև նախագծի ընդունման հիմնավորումը, որը բաղկացած է 93 թերթից:
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Այս մասին իր Ֆեյբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






