Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը հանդիպման սկզբում ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ:
Վարչապետը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ նշելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:
Հանդիպման վերջում ՀՀ վարչապետը համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով առաջարկել է քննարկումները շարունակել կառավարության ոլորտային պատասխանատունների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







