Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանում գերեվարված ՀՀ երկու քաղաքացիների հարցը օրակարգում է և քննարկման է դրվելու առաջիկայում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայանալիք հանդիպմանը։
Նախարարը նշել է նաև, որ առկա է բանակցությունների համար օրակարգային համարվող հարցերի ամբողջական ցանկը, որը սահմանափակված է որևէ հարցերով: Նա նշել է, որ օրակարգի կենտրոնում դրված են անմիջապես արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր. երկու երկրների հիմնական մոտեցումները խնդրո առարկայի շուրջ արդեն իսկ ներկայացված են։ Զոհրապ Մնացականյանը շեշտել է բանակցային խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը:
Ըստ Մնացականյանի՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Արայիկ Ղազարյանի ու Կարեն Ղազարյանի վերադարձը Հայաստան անհրաժեշտություն է, քանի որ հարցն ավելի շուտ մարդասիրական դաշտում է․ վերջիններս որևէ հանցագործության հեղինակ չեն։
«Դա մի հարց է, որը բնականաբար մեր օրակարգում է: Բնականաբար օրակարգում ներգրավված լինելու է և այդ հարցով քննարկում լինելու է»,-ասել է Մնացականյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






