ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր հասցեին հնչեցրած հայտարարությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Այս մասին հայտարարել է Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում։
«Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»,-ասել է Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանի խոսքով` ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին:
«Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է», — ասել է նա։
«Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այն պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը նշել է, որ տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին:
«Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամանատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանը նշել է, որ հրաժարականի մասին իր հայտարարությունն ուշադիր ընթերցողը հասկացել է՝ ինչ է նկատի ունեցել։
«Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում։ Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ», — հավելել է Վանեցյանը՝ նշելով, որ իր հետագա պլանների մասին կխոսի առաջիկայում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ երեկվա հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






