Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը:
Ծրագիրն իրականցվում է ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում և ուղղված է լինելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, պետական և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:
Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ/ԵԽ գործընկերների կողմից բարեփոխումներին միտված աջակցության պատրաստակամությունը՝ շեշտելով, որ մեկնարկող ծրագիրը նոր հնարավորություններ է բացում առկա սերտ համագործակցության խորացման համար:
Սրբուհի Գալյանը նշել է, որ ներկայումս դրվում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը։
Փոխնախարարն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրանից բխող միջոցառումների ծրագրի նախագծին՝ հավելելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն վերջնական տեսք կստանա և կմտնի առավել գործնական փուլ: Որպես առաջիկա համագործակցության թիրախային ուղղություն՝ փոխնախարարը նախանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների զարգացումը և վստահություն է հայտնել, որ մեկնարկող ծրագրի շրջանակում հնարավոր կլինի հասնել չափելի արդյունքների:
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով իր խոսքում նշել է, որ հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է օրենսդրական բարեփոխումների շարունակականությունը, ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումը և հակակոռուպցիոն կրթությունը՝ ընդգծելով այդ ուղղությամբ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






