Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մինչ համաժողովի բացումը՝ Արմեն Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։
Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 40 երկիր ներկայացնող 5000-ից ավելի պետական գործիչներ և գործարար շրջանակների ղեկավարներ, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերություններ ողջ աշխարհից:
Համաժողովի շրջանակներում Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով։
«Ես տեսական ֆիզիկայի և հարաբերական աստղաֆիզիկայի նախկին պրոֆեսոր եմ: Սակայն համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը կապված չէ քվանտային մեխանիկայի կամ քվանտային ծրագրավորման հետ: Ապրելով գիտնականի, գործարարի, ապա՝ քաղաքական գործչի կյանքով, ես հասկացա, որ մենք ապրում ենք մեծ, պատմական փոփոխությունների ժամանակաշրջան: Աշխարհը, որում ապրում ենք այսօր, ամբողջովին տարբեր է այն աշխարհից, որում ապրել ենք 10, 20, 30 տարի առաջ: Վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխություններն ամբողջությամբ փոխել են մեր կյանքը»,- նշել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահի խոսքով աշխարհն իսկապես փոխվել է:
«Ամեն նոր ծնվող երեխա սկսում է բացահայտել աշխարհը, սակայն 2000-ականներից հետո ծնված երեխաները սկսում են բացահայտել ոչ թե մեկ, այլ երկու աշխարհ: Մեկը նյութական աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք։ Դա այն դասական աշխարհն է, որտեղ մեր բոլոր գործողությունները դասական բնույթ ունեն: Այստեղ գործում են նյուտոնյան ֆիզիկայի օրենքները: Սակայն, միևնույն ժամանակ, մենք ապրում ենք ոչ դասական աշխարհում, որն էլ երեխան սկսում է բացահայտել և անում է դա ipad-ի, iphone-ի միջոցով, որը տեսնում է առաջին իսկ օրվանից: Երեխան 1-2 տարեկանից արդեն սկսում է ապրել երկու աշխարհում՝ մեկը դասական, մյուսը՝ թվային, վիրտուալ…»,- նշել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահի խոսքով՝ ողջ աշխարհում մարդկային գործունեության երկու ոլորտներ ավելի ու ավելի են մոտենում ու ինչ-որ տեղ հատվում, այս ոլորտներն են՝ զվարճանքներն ու քաղաքականությանը:
«Քաղաքականությունը, որն իր մեջ զվարճանքների մեծ մաս ունի, ուղղակի ազդեցություն է ունենում հասարակության վրա: Զարմանալի չէ, որ ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչների ենք տեսնում, ովքեր մեծ հաջողությամբ օգտագործում են սոցիալական ցանցերի գործիքները՝ շրջանցելով ավանդական քաղաքական ինստիտուտները՝ քաղաքական կուսակցությունները, ու հաջողության են հասնում՝ ուղղակիորեն դիմելով հանրությանը…»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Անդադառնալով ժամանակակից տեխոնոլոգիաների և այդ համատեքստում կիբերանվտանգության ունեցած կարևորությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է․
«Կիբերանվտանգությունը կարևոր է, քանի որ այնքան ջանքեր են ներդրվել գումարի, հետազոտությունների տեսքով՝ պայքարելու թվային գործիքներով տեղեկատվության համար: Իրականությունն այն է, որ այս ամբողջ տաղանդն ու գիտելիքը վաղն անհրաժեշտ է լինելու սոցիալական հանրությանը պաշտպանելու համար, քանի որ մեր ժամանակների կիբեր վտանգներից մեկը «ֆեյք» լուրերն են: Դրանք ճշմարտության վրա հաքերային հարձակումներն են»։
Արմեն Սարգսյանի կարծիքով՝ կիբերանվտանգության իրական արժեքները գաղտնիությունը, ինտեգրվածությունը և հասանելիությունն են:
«Իմ ապագա գրքում, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային բնույթը» և որը շուտով լույս կտեսնի, ես հենց դա եմ փորձում բացատրել՝ թե ինչպես են համաշխարհային ռիսկերը դառնում քվանտային: Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք ապրելու այս նոր աշխարհում, մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես է մարդկային կյանքը դրսևորվում թվային աշխարհում»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Շարունակելով խոսքը՝ ՀՀ նախագահն ասել է, որ մենք ևս մեկ հեղափոխության եզրին ենք, որը ոչ միայն գիտական բացահայտումներով է լինելու, այլև նոր կյանքի բացահայտումներով, որը ոչ թե դասական է լինելու, այլ լինելու է քվանտային:
«Հայաստանը 21-րդ դարի երկրի դասական օրինակ։ Որպես աշխարհի առաջին քրիստոնյաներ՝ մենք ունենք հարուստ պատմություն: Մենք մշտապես եղել ենք համաշխարհային ազգ: Առևտրականներ ենք ունեցել, որոնք առևտրով են զբաղվել վաղ միջնադարում՝ Չինաստանից հասնելով Սամարղանդ, Բուխարա և Մանչեսթեր: Հպարտ եմ, որ տարիներ առաջ որպես դեսպան Սուրբ Աթոռում մի ցուցադրության կազմակերպիչներից մեկն էի, որը կոչվում էր՝ «Հռոմ-Հայաստան. Հարաբերությունների 2000 տարի»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը կարծում է, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է, որովհետև բնական ռեսուրսներն այլևս այնքան կարևոր չեն լինելու, որքան նախկինում: Հնարավորություն է լինելու նորարարության, ադապտացվելու, գիտության, տեխնոլոգիայի համար:
«Ցանկացած հեղափոխություն սկսվում է երեխայից, կրթությունից: Իսկ Հայաստանում դուք կգտնեք յուրօրինակ դասապատրաստման դպրոցներ, որոնք մենք այժմ արտահանում ենք Փարիզ, Բեռլին, Մոսկվա: Այդ դպրոցը կոչվում է ԹՈՒՄՈ: Բացի այդ, ունենք այլ դպրոցներ, որոնք կոչվում են «Այբ», «Քվանտ» և այլն, դրանցից յուրաքանչյուրը տրամադրում է երեխաների կրթելու յուրատեսակ, նորարարական տարբերակ: Սա է ապագայի հիմքը»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը ներկայացրել է նաև իր նախաձեռնությունը՝ ATOM (Advanced Tomorrow-ն. «Պատկերացրեք մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ և խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները և ինժեներական որակներ ձեռք բերել: Հարթակ, որտեղ հայկական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական և այլ համալսարանները կհամագործակցեն ու հետազոտություններ կիրականացնեն: ATOM-ը նախագահական նախաձեռնություն է, որը ճանապարհին է: Ես բոլորիդ հրավիրում եմ Հայաստան՝ լինելու այդ նախագծի մասը»,- նշել է ՀՀ նախագահը։
Համաժողովի շրջանակներում Արմեն Սարգսյանը ներկայացրել է նաև ստարտափերի ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումները՝ նշելով, որ Հայաստանում անցկացվում է Seaside Startup-ը:
«Այս նախագծի շրջանակում հազարավոր ստարտափներ են հավաքվում մեկ հարկի տակ մեկ շաբաթով, ապրում են միասին, հաղորդակցվում: Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ ես նաև ստարտափի նախագահ եմ, և մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ և նոու հաու, ունի հավակնություններ դառնալու մեծ, ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր ստարտափ:»,- նշել է ՀՀ նախագահը։
Գալով Հայաստան, որը բացարձակ եվրոպական երկիր ու ժողովուրդ է՝ հիանալի ենթակառուցվածքներով՝ սկսած բանկերից, և ունի հավակնություն՝ դառնալու տեխնոլոգիապես առաջատար երկիր, դուք կունենաք երկրի կառավարության ու անձամբ նախագահի լիակատար աջակցությունը:
Հուսով եմ, որ առաջիկա տարիներին համաժողովը կգա Երևան: Միևնույն ժամանակ, խոստանում եմ, որ մյուս տարի դուք այստեղ կունենաք հայ մասնակիցներ՝ ի դեմս տարբեր ընկերությունների»,- նշել է Արմեն Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






