Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տվել ռուսական պատվիրակության 10 անդամներին, որոնք պետք է ուղեկցեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին հայտնում է «Риа Новости»-ին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով դեպքին, հերքել է ամերիկյան կողմի պնդումներն այն մասին, որ ռուսաստանցիները ժամանակին չեն ներկայացրել ամերիկյան վիզաների համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է խնդրին՝ անընդունելի համարելով ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնող ռուսական պատվիրակության անդամներին վիզա չտրամադրելու հետ կապված իրավիճակը:
«Իրավիճակը մտահոգիչ է և, իհարկե, անընդունելի։ Վաշինգտոնը խախտում է իր միջազգային պարտավորությունները, քանի որ խոսքը երկկողմանի այցի մասին չէ, խոսքը գնում է ՄԱԿ -ի ԳԱ ռուսական պատվիրակության այցի մասին»,- նշել է Պեսկովը:
Պեսկովը նշել է , որ Մոսկվան կոշտ կարձագանքի ստեղծված իրավիճակին, բայց նաև ակնկալում են ՄԱԿ-ի կողմից կոշտ արձագանք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






