Հայաստանի Հանրապետությունում լարվածություն չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններին։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ բացասական է գնահատում և համարում, որ սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ,ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձևով, նման ոճով աշխատել, արձագանքել։ Առավել ևս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ չնայած նրան, որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է, ինքն անընդունելի է համարում նման արձագանքը։
«Անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, ես ունեմ իմ ամենամեծ ու ամենակարևոր ընկերը, որը իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ երբ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր մոտ մարդ է ուղարկում, որ ինքը լռի որոշ ժամանակով, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես Նիկոլ Փաշինյանին 10 տարի է ճանաչում եմ, երբ նա մի բան ուզում է ասել, ուղիղ ասում է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






