ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները։
Հայկ Ալումյանը նշել է, որ Վճռաբեկ դատարան էին դիմել բողոքարկելու Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի հունիսի 25-ի որոշումը։ Համաձայն այդ որոշման՝ Քոչարյանի խափանման միջոց անձնական ստորագրությունը փոխարինվել էր կալանքով։
Հայկ Ալումյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանից նման որոշում ակնկալում էին և դրանից ելնելով՝ վաղուց դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հայտնել, որ Վճռաբեկը Հայաստանում պաշտպանության արդյունավետ միջոց չէ։
«Ոչ միայն Քոչարյանի դեպքում, այլ առհասարակ, երբ խոսքը վերաբերում է խափանման միջոցը փոխելուն, Վճռաբեկ դատարանն այս առումով արդյունավետ միջոց չէ։ Կարծում եմ` ոչ հեռավոր ապագայում որոշում կլինի ՄԻԵԴ–ից, քանի որ շուտով մեկ տարի կլինի, որ առաջին գանգատը ներկայացրել ենք այնտեղ»,–նշել է Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշում է կայացրել կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






