Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։
Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և երկկողմ անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։
Նիկոլ Փաշինյանն ու Յենս Ստոլտենբերգը քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացին»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում և հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համատեքստում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի և մարտահրավերների շուրջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






