Հայաստանի և Արցախի ողջ տարածքում շարունակվում են մարտավարական զորավարժությունները։
ՀՀ զինված ուժերի ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զրահատեխնիկան երկաթուղով տեղափոխվել է զորավարժարան: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների և զինվորական էշելոնների պաշտոնատար անձանց ներդաշնակ փոխգործակցության շնորհիվ զրահատեխնիկայի բարձումը, բեռնաթափումը և փոխադրումը իրականացվել են անվտանգ և ժամանակին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացնում են պարետային ծառայություն: Բոլոր կայազորներում ստեղծվել են հսկիչ, շարժական և կարգավորման կետեր՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով:
Ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համակարգերից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






