ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նրան ազատել պաշտոնից: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։
«Բնականաբար նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ այդ մասին խոսել է։
«Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել ազատել աշխատանքից: Այս որոշումն ամբողջությամբ վարչապետի իրավասության տիրույթում է»,- նշել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը։
Լրագրողների այն հարցին, արդյոք Արթուր Վանեցյանն իր ուսադիրները նետել է աղբամանը, Արմեն Գրիգորյանը նշել է, որ այն ինչ վարչապետն ասել է ամբողջովին համապատասխանում է իրականությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






