Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի:
«Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա էլ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային հանրության առջև՝ զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունը այլ ժողովուրդների իրավունքների ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քայլերով»,- ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
«Հայ ժողովուրդը երախտապարտ է Շիրակին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի, այդ թվում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի մշակութային կոթողների նկատմամբ նրա անձնական ուշադրության համար»,- ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում։
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին։
«Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։
«Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






