ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոլա Դիմիտրովը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գործուն քայլեր ձեռնարկելու Հյուսիսային Մակեդոնիայի հետ բազմաոլորտ հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






