ՀՀ-ում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անց են կացվում ռազմավարական զորավարժություններ, որոնց շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան։
Վերջիններս շրջել են զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։
Այս մասին հայտնում է վարչապետի գրասենյակի պաշտոնական կայքէջը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցի շրջանակներում դիմել է զորավարժությունների մասնակիցներին։
«Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ։ Ի՞նչ գործնական նպատակ ունեն այս զորավարժությունները և ինչի՞ համար են անցկացվում: Դրանց գործնական նպատակը՝ գնահատելն է ոչ միայն մեր Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել և ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում:
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք մասնակցություն են ունեցել և ունեն զորավարժությունների անցկացմանը: Մենք, ըստ էության, այս զորավարժություններով ստուգում ենք նաև, թե ինչ աստիճանի փոխգործակցություն գոյություն ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչքանով է հղկված, ինչքանով է մշակված:
Գիտեք, որ նախորդ տարի մենք իրականացրինք «Շանթ» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց արդյունքներն ամփոփելով մենք արեցինք որոշակի վերլուծություններ, որոշակի շտկումներ: Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ ունենք, ինչը նույնպես մեզ վստահություն է տալիս մեր երկրի պաշտպանունակության առումով:
Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենալու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունենալու կրակային և տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում և այդպես շարունակ: Եվ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ զորավարժությունների մասնակիցներին տեսնում եմ բարձր մարտական տրամադրությամբ, տեսնում եմ դուխով և նվիրված հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ նաև ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու և նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին:
Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ և բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի և վճռականության ոգին տարածելով նաև քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարևոր է մեր երկրի համար:
Զորավարժությունների սիրելի մասնակիցներ, պարոնայք սպաներ, գեներալներ, կառավարության հարգելի անդամներ, ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մասշտաբային միջոցառման կապակցությամբ և արձանագրել, որ մեր երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց է տալիս իր կենսունակությունը և ցույց է տալիս պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության և վստահության բացառիկ բարձր աստիճան, ինչը մի երևույթ է, որի համար մենք իսկապես պետք է միմյանց շնորհավորենք: Ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները: Շնորհակալ եմ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






