Նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Լի Սյեն Լունի հետ առանձնազրույց է ունեցել, ինչից հետո կայացել է նաև երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ կարևորում է, որ երկու երկրների հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ:
«Ինձ համար խորհրդանշական է, որ այստեղ լինելու ընթացքում Դուք հանդիպելու եք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի ղեկավարների հետ: Հուսանք, որ ապագայում Հայաստանը կօգտագործեք որպես դարպաս դեպի Եվրասիա»,- հավելել է նախագահը:
Սինգապուրի վարչապետն իր հերթին նշել է, որ հանդիսանալով փոքր պետություններ՝ մարտահրավերներով և անորոշություններով լի այս աշխարհում Հայաստանն ու Սինգապուրը պետք է կարողանան օգուտներ քաղել միմյանց հետ երկխոսելուց, ինչպես նաև միասին աշխատելու հնարավորությունից՝ համագործակցելով տնտեսության ոլորտում, զբոսաշրջության, գիտական ու հետազոտական ծրագրերի շրջանակում:
«Ինչ-որ առումով ես կանխազգացում ունեմ, որ մենք մեծ պատմական ժամանակաշրջանի սկզբում ենք»,- նշել է Հայաստանի նախագահը։
Արմեն Սարգսյանը շեշտել է երկու երկրների համար համագործակցության առավել արդյունավետ ոլորտները, որոնց թվում են մաթեմատիկական մոդելավորումը, արհեստական բանականության ոլորտը:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձևավորվել է մեկ հստակ համոզմունք, այն է՝ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային համակարգը և այլն, իսկ այդ համատեքստում կարևորվում է գործարար շրջանակների միջև շփումների ինտենսիվացումը։
Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների շփումների ակտիվացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






