Հայաստանի Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացումն ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագավառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






