«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գերագույն նստաշրջանի 74-րդ նստաշրջանի ելույթի հետ, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»:
Ըստ «Ազգային օրակարգ»-ի այս հայտարարությունը թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը: Նրանք մասնավորապես նշում են մի քանի պատճառներ.
«1) Հավասար նժարների վրա են դրվում զավթողական վայրագ պատերազմ սանձազերծած ու պարտված ադրբեջանական կողմին, և նրա ագրեսիային դիմագրաված Արցախի բնիկ հայ բնակչությանը, որը միայն հսկայական մարդկային, նյութական և նաև տարածքային կորուստների գնով է կարողացել պաշտպանել իր ազատությունը:
2) Անուշադրության է մատնվում այն ակներև իրողությունը, որ Արցախը երբևիցե չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմի մեջ և չի վերահսկվել նրա կողմից, և առավել ևս չի կարող մեր Հայրենիքի արցախյան հատվածը ադրբեջանական կողմի կամոք երբևիցե դառնալ սակարկության առարկա;
3) Անտեսվում է ակնհայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախյան հակամարտության հանգուցալուծման, որպես իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որևէ խաղաղ կարգավորման հնարավորություն:
4) Մոռացության է տրվում առկա իրողությունը, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արյունալի սահմանային մարտեր է սադրում՝ այդ թվում 2016 թվականի ապրիլին սանձազերծելով լայնածավալ ռազմական գործողություններ, անթաքույց թշնամանք և հայատյացություն է քարոզում, և բարձրաձայն սպառնում է հայկական պետականության լիակատար ոչնչացմամբ։
Հայտարարության վերջին հատվածում կոչ է արվում իշխանություններին «հրաժարվել այս կեղծ, ըստ էության պարտվողական «բանաձևից», Արցախի իշխանությունների հետ միասին հստակորեն հայտարարարել, որ Արցախի անջատումը Ադրբեջանից արդեն իսկ վաղուց տեղի ունեցած անշրջելի իրողություն է, հիմնված ազգերի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի վրա, և պետք է դիտարկվի որպես հակամարտության կարգավորման աներկբա նախապայման, իսկ բանակցությունների առարկա դարձնել արդեն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների հաղթահարումը, տուժած խաղաղ բնակչության կորուստների երկուստեք փոխհատուցումը, և խաղաղ գոյակցության երկարաժամկետ կայուն նախադրյալների ստեղծումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






