ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի համաձայն՝ երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ 625 մլն դոլար։
Բյուջեի նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 30-ի կառավարության արտահերթ նիստի ժամանակ։
2019 թվականին պաշտպանության ոլորտին հատկացվել էր գրեթե նույնքան գումար՝ մոտ 300․6 մլրդ դրամ։ 2020 թվականի բյուջեի նախագծով սահմանվում է ռազմական կարիքների բավարարման համար հատկացնել 194․2 մլրդ դրամ։ Նշենք, որ 2019 թվականին նույն ոլորտի համար հատկացվել էր 190 մլրդ դրամ։
Զգալիորեն աճելու է բանակի շենքային պայմանների բարելավման աշխատանքների ծավալը․ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 97․2 մլրդ դրամ՝ 2019 թվականի 66 մլրդ դրամի դիմաց։
ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում 2020 թվականին նախատեսվում է 13 մլրդ դրամի տեխնիկա՝ 2019 թվականի 42․8 մլրդ դրամի ավտոմոբիլային ու ինժեներական տեխնիկայի դիմաց։
Նշենք, որ ՀՀ 2020 թ. պետբյուջեի համար նախատեսվում է 1.880 տրիլիոն դրամ։
Նշենք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2019 թվականին կազմել է 1 մլրդ 787 մլն դոլար, որից 812 մլն դոլարը հատկացվում է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







