ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը: Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ֆինանսական միջոցների բալանսի խախտման կապակցությամբ։
Հանձնախմբի ղեկավարներն ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարությանը կոչ են արել հաշվի առնել Ադրբեջանի վերաբերյալ 1992 թվականին ընդունված 901 բանաձևի փաստը, որն ամեն տարի 2002 թվականից հատուկ փաստաթղթով չեղարկվում է պետքարտուղարության կողմից:
902 բանաձևն արգելում է Ադրբեջանին ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացման դեմ և չի դադարել ռազմատենչ գործողությունները վերջիններիս նկատմամբ:
Նամակում կոնգրեսականները խնդրում են անմիջապես դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, վերանայել 901 բանաձևի վերացման կարգը և մանրամասն տեղեկություն տրամադրել Ադրբեջանին տրվող օգնության վերաբերյալ:
Ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://files.constantcontact.com/5f0c3bc7001/6c3c4266-9309-4b4f-8f5a-d84e2f69b403.pdf
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







