ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ղազախստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ և վերջին շրջանում փոխգործակցությունն այդ ուղղությամբ ընդլայնվում է։
ՀՀ վարչապետի խոսքով՝ երկկողմ համագործակցության ոլորտում առկա է մեծ ներուժ և դրա իրացման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել՝ հավելելով, որ Եվրասիական տնտեսական միությունը ևս այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ է տալիս, որոնք պետք է օգտագործել:
Ղազախստանի նախագահը նշել է, որ ժողովրդի աչքերում տեսնում եմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն:
«Ուրախ եմ, որ Երևանը շարունակում է զարգանալ, այն իմ տեսած քաղաքներից ամենագեղեցիկներից մեկն է: Ղազախ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ, և Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է»,- նշել է Տոկաևը։
Կասիմ Ժոմարտ Տոկաևը ևս կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը և այդ համատեքստում համաձայնել վարչապետ Փաշինյանի հետ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են էներգակիրների, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և հնարավորություններին վերաբերող հարցեր: Կողմերը փոխադարձ արտահանման և ներմուծման ծավալներն ավելացնելու առումով անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքներին և առկա խնդիրների հաղթահարման հնարավորություններին:
Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, այդ թվում` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի և այլ հարթակներում:
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին՝ ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







