Դատական տեղեկատվական համակարգում այսօր հրապարակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ կայացված սեպտեմբերի 25-ի որոշումը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն առանց քննության թողնելու մասին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին Քոչարյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին առաջին ատյանի որոշումը։ Համաձայն Վերաքննիչ դատարանի որոշման՝ առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Դատարանի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 20-ին նույն դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







