Իրանն ակնկալում է ակտիվ համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ, չէ որ համագործակցության համար նոր հեռանկարներ է բացվում: Այս մասին այսօր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Հասան Ռոուհանին նշել է, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու ազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ և հույս հայտնել, որ քննարկումները կհանգեցնեն նշանակալի արդյունքների:
Իրանի նախագահը կարևորել է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների դերը՝ նշելով, որ Իրանը հակված է բազմատեսակ դարձնել իր տնտեսական հարաբերությունները:
Այս համատեքստում Հասան Ռոուհանին կարևորել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, նշելով, որ այն կարևոր քայլ է բազմակողմանի առևտրային համագործակցությունն ընդլայնելու ու խորացնելու համար։
Ռոհանիի խոսքով՝ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով և Իրանը ձգտում է օգտագործել այդ հնարավորությունները՝ նպաստելու երկրի տնտեսության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը:
Իրանի ղեկավարը նշել է, որ խոշոր ներդրումների իրականացումը հնարավորություն է տվել ձևավորվելու երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը:
«ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,- նշել է Իրանի նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







