Հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային գործարքը, Պարսից ծոցի շրջանում և Օրմուզի նեղուցում անվտանգության հարցերը, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ապահովման Թեհրանի նախաձեռնությունը: Այս մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Հասան Ռոուհանիի խոսքով՝ այդ նախաձեռնությունը ենթադրում է տարբեր հարցերի շուրջ համագործակցություն, ներառյալ՝ էներգետիկ անվտանգություն, նավագնացության ազատություն և նավթի անխափան արտահանման:
Հասան Ռոուհանին նշել է, որ Պարսից և Օմանի ծոցերի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը կարող են ապահովվել միայն տարածաշրջանի գերտերությունների համագործակցության ճանապարհով։
Անդրադառնալով միջուկային անվտանգության հարցին՝ Ռոուհանին նշել է, որ միջուկային համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր մասնակից երկրների պարտավորությունների լիարժեք իրականացումը։
Վլադիմիր Պուտինը ևս անդրադարձել է, միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայում ստեղծված իրավիճակին:
Պուտինն ու Ռոհանին քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը նշել է, որ երկու երկրների նախագահները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկկողմ կապերը՝ միշտ խոսելու և քննարկելու հարցեր կան։
ՌԴ նախագահն ընդգծել է Իրան- ԵԱՏՄ գործընկերության և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու կողմի համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







