ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին օրենքի նախագիծը:
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել էր ՀՀ կառավարության կողմից։
Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայնով:
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները։
«Էներգաիմտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել էր նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ արել էր նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







