ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում տեխնիկական հագեցվածության առումով խնդիրներ ունենք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում։ Զարգացած երկրների համեմատ՝ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է»,- նշել է Ցոլակյանը։
ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ Կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով ձեռք են բերվել գործիքներ, որոնք նախկինում չեն ունեցել։
ԱԻ նախարարի խոսքով՝ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից լավ է դոնորների կողմից ստացվածները.
«Վերջերս ճապոնական ընկերությունից 18 հրշեջ մեքենա ստացանք, նոյեմբերին սպասում ենք ևս 22-ը։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 տեխնիկա մեզ տան»։
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում Ռուսաստանից չորս ուղղաթիռ գնել։
Անցած տարի անտառային հրդեհների դեմ պայքարելու, ինչպես նաև տուժածներին տարհանելու համար ԱԻՆ-ն օգտագործել է սանավիացիայի ուղղաթիռները։ Նախարարի խոսքով` այդ ուղղաթիռները համեմատաբար փոքր են, նախատեսված չեն հեռավոր թռիչքների համար։ Այդ պատճառով էլ որոշվել է ունենալ ուղղաթիռային սեփական ավիացիա, թեև դա թանկ հաճույք է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






