Մոսկվան կդառնա Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի WCIT 2019 (World Congress on Information Technology) պաշտոնական գործընկերը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի քաղաքապետի և կառավարության քաղաքային պորտալին։
«ՏՏ ոլորտի միջազգային այս իրադարձությանը ամենայն հավանականությամբ կմասնակցեն 70 երկրներից ավելի քան երկու հազար մարդ, որոնց թվին դասվում են գիտնականներ, ներդրողներ, իշխանության մարմինների ներկայացուցիչներ և միջազգային IT-ընկերություններ»,-նշվում է աղբյուրում։
Ըստ Մոսկվայի փոխքաղաքապետ Նատալյա Սերգունինայի՝ Մոսկվան համաժողովին ներկայացված կլինի 100 հեռանկարային մշակումներով, որոնք առնչվում են թվային կառավարման կազմակերպման, «խելացի քաղաքի» ստեղծման, անվտանգության, առողջապահության, կրթության և մարդկային կապիտալի ոլորտներին։
Մոսկվայի կառավարության ցուցասրահը բաղկացած կլինի երեք բաժիններից։
«Քաղաք» անվանմամբ գոտի, որը նվիրված կլինի Մոսկվայի թվայնացման ոլորտում իրականացված նախագծերին՝ «շարժունակություն», «հասարակություն», «ենթակառուցվածք» և «տնտեսություն» թեմաներով:
«Բիզնես» գոտին կներկայացնի մոսկովյան բիզնես միջավայրում ՏՏ նորագույն լուծումները:
Եվ «Ինովացիայի» գոտում կներկայացվեն Մոսկվայի այն նախագծերը, որոնք ուղղված են նորարարական և տեխնոլոգիական բիզնեսի աջակցությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






