Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արմեն Սարգսյանն ընդծել է Վլադիմիր Պուտինի կարևոր ներդրումը քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:
«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Պուտինի՝ խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ներդրած ջանքերին:
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






