ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում»:
Վարչապետը իր ուղերձում նշել է, որ շատ ուրախ է ՌԴ նախագհին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում Հայաստանում հյուրընկալելու՝ հավելելով, որ երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է երկու երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար՝ նշելով, որ վստահ է՝ համատեղ ջանքերով կհաջողվի առավել ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






