Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովը: Նախաձեռնության հեղինակները ՀՀ Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններն են:
Համաժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և այլ պաշտոնյաներ:
Համաժողովին հրավիրված են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արևելյան գործընկերության մասնակից երկրների պաշտոնյաներ ու դիվանագետներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Արևելյան գործընկերության ծրագրի 10 տարվա ընթացքում հսկայական ներուժ է կուտակվել երիտասարդության մեջ։ Այդ ներուժը հնարավորություն է տալիս երիտասարդներին տեխնոլոգիական ոլորտներում իրացնել ձեռք բերած հմտությունները։
Արմեն Սարգսյանն այս հարցում կարևորում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ Անդրեա Վիկտորինը նշել է, որ Հայաստանը շարժվում է լուրջ բարեփոխումների ճանապարհով, և Եվրոպական միությունն աջակցում է և կշարունակի աջակցել Երևանին։
Վիկտորինի խոսքով՝ «Մատենադարան»-ն համաժողովի անցկացման լավագույն վայրն է, որովհետև այն հայկական մշակույթի և կրթության օջախն է։
«Մենք ուրախ ենք համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, և մեր հիմնական նպատակը երիտասարդությանը նոր հնարավորություններ ընձեռելն է»,- ասել է Անդրեա Վիկտորինը։
Հայաստանում ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում և համագործակցությունը կհանգեցնի կրթության համակարգի, նորարարությունների ոլորտի բարելավմանը։
«Հայաստանի կապիտալը երիտասարդությունն է, քանի որ հենց երիտասարդներն են կառուցում ապագան, դրա համար անհրաժեշտ է նրանց լավ կրթություն տալ։
Անդրեա Վիկտորինը նշել է, որ ՀՀ նախագահի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները և ընդգծել, որ միշտ կա անհանգստություն «ուղեղների արտահոսքի» հետ կապված։
«Եվրոպան գնում է ոչ թե «ուղեղների արտահոսքի», այլ «ուղեղների շրջանառության» ճանապարհով, քանի որ դա ստեղծում է ավելի շատ հնարավորություններ»,- նշել է Վիկտորինը։
Քննարկվել են նաև կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






