Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը տեղափոխվել են Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Մխիթար Հայրապետյանի խոսքով ՝որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել:
«Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա»,- նշել է Հայրապետյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում։
«Մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ»,- նշել է Հայրապետյանը։
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններ է սկսել։ Թուրքիան այսօրվանից առաջին հարվածներն է հասցրել սիրիական բնակավայրերին։ Գնդակոծվել են նաև հայաբնակ քաղաքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






