Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ԱՊՀ երկրների շրջանում տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացներին ընդլայնմանը: Այս մասին այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ելութի սկզբում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին նիստի կազմակերպման և ԱՊՀ զարգացման գործում ներդրած ավանդի համար:
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը ողջունում է տնտեսական, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը ԱՊՀ երկրների շրջանում: Փաստաթուղթը նախանշում է համագործակցության համար ռազմավարական նշանակության կարևոր նպատակներ, որոնց հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Օրակարգային հարցերից Նիկոլ Փաշինյանը կարևորել է համատեղ ուղերձը ԱՊՀ ժողովուրդներին, միջազգային հանրությանը՝ Հայրենական մեծ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն աջակցում է այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանն ուղղված յուրաքանչյուր կառուցողական քայլի, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն բոլոր փորձերին, որոնցով փորձ է արվում անել սուբյեկտիվ մեկնաբանություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






