Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու բանակցություններ վարում ԼՂ հետ։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանը նշել է, որ 1994 թվականի մայիսին հրադադարի համաձայնագիրը կնքվել է Արցախի և Ադրբեջանի միջև` ուղղակի բանակցությունների արդյունքում։ Արդեն պատրաստի փաստաթղթին միացել է Հայաստանը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հեյդար Ալիևը հանձնարարել էր Ադրբեջանի փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։
«Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- նշել է Շավարշ Քոչարյանը։
Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանն այսօր խուսափում է ուղղակի բանակցություններից և ձևացնում, թե այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Արցախն է, բնավ չկա»։
Ադրբեջանի այս գործելաոճը, ԱԳ փոխնախարարի համոզմամբ` վկայում է, որ Ադրբեջանը չի ցանկանում՝ բանակցություններում առաջընթաց գրանցվի։
«Իրականում Ադրբեջանը, բանակցությունների անվան տակ, քարոզչական պատերազմ է վարում` փորձելով միջազգային հանրությանն ապացուցել, որ Հայաստանի հետ հակամարտությունը տարածքային վեճ է»,- նշել է Շավարշ Քոչարյանը։
«Բայց փաստերը վկայում են հակառակը, և վերը նշված համաձայնագիրը դրա վկայությունն է։ Հայկական կողմերը խոսում են ինքնորոշման մասին, Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականությունից։ Ոչ ոք լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել Արցախի կարգավիճակի ու տարածքային ամբողջականության մասին. անգամ Արցախի իշխանությունները սահմանափակված են ժողովրդի կամքով ու հանրաքվեով»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






