Հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։
Ամփոփվել են հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի արդյունքները։ Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախի դիվանագետների հետևողական աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ուղղված Համաժողովի շրջանակներում ստեղծված Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ընդլայնմանը, որի գործունեությունը միտված կլինի միջազգային ասպարեզում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը և նրա ժողովրդի օրինական շահերի պաշտպանությանը։
Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների վերաբերյալ։
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմացնել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։
Խորհրդակցության արդյունքներով Արցախի ԱԳՆ ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







