Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
Նախագահ Սարգսյանը և լորդ Դարզին հանդիպման ընթացքում զրուցել են Հայաստանի զարգացման, տեխնոլոգիական, կրթական և առողջապահական առաջընթացին առնչվող խնդիրների շուրջ, ինչպես նաև անդրադարձել են այս ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և նորարարական լուծումների, մասնավորապես արհեստական բանականության տարրերի կիրառմանը։
Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է հայկական ներուժը Հայաստանում և Սփյուռքում ավելի արդյունավետ օգտագործելու կարևորությունը:
Նշենք, որ Արա Դարզին նաև Լոնդոնի կայսերական քոլեջի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի Պոլ Համլինի ամբիոնի ղեկավարն է, Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարը, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Լորդ Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների, մասնավորապես լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու հեղինակ ու առաջամարտիկ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






