Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը և ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։
Նա ևս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։
Սերբիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում կստորագրի Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ «Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Սերբիայի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







