ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քառօրյա հերթական նիստը։ Նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց օրակարգում ներառել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոլոր նախագծերը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծով առաջարկում էր փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։
Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, որ նախագիծն այնքան երկար ճանապարհ է անցել, որ պետք է ԱԺ ամբիոնից ներկայացներ դեռ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ նա չհացրեց դա անել, հիմա ներկայացնում եմ ես` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից»,– ասաց Սամսոնյանը՝ հայտնելով, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Երևանի ավագանու աշխատանքն ավելի թափանցիկ ու արդյունավետ դարձնելուն։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, նախքան քվերակության սկսելը ԱԺ քաղաքական մեծամասնությանը դիմեց՝ նշելով, որ նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում հավաքված էին այսօրվա նախարարները, փոխվարչապետը, ԱԺ փոխխոսնակը։
Մեկ այլ նախագծով «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, մասնավորապես`ավելացնել հիփոթեքային վարկավորման համար վերադարձվող եկամտահարկի շեմը և թույլ տալ, որ դրանից օգտվեն մինչև 55 մլն դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերողները։
Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ներկայացված նախագծին, նշեց, որ 55 մլն դրամ արժեքով գույք ձեռք բերող քաղաքացու համար իրենք սոցիալական խնդիր լուծելու բարոյական իրավունք չունեն։
«Եթե 115 000 դոլարանոց տուն է գնում մարդը, մի հատ հաշվենք, տեսնենք այդ վարկը սպասարկելու համար մարդը որքան գումար է ծախսելու ու ինչ եկամուտներով, հետո եկեք քննարկենք` այդ մարդը սոցիալական աջակցության կարիք ունի՞, թե՞ ոչ»,– ընդգծեց Բաբկեն Թունյանը։
Քվեարկության արդյունքում ընդդիմության առաջարկը մերժվեց։
Նույն կարգով մերժվեցին նաև «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Քրեական դատավարության օրենսգրքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին առաջարկները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






